Հայոց ցեղասպանության 100- րդ տարելիցին ընդառաջ Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը ՀՀ մշակույթի նախարարության և Վիվա-Սել-ՄՏՍ ընկերության աջակցությամբ իրականացնում է «Պատասխան՝ 100 տարի անց» խորագրով համալիր ծրագիրը։ Ծրագիրն անդրադարձ է 1894-1923 թթ. գրված, Հայոց ցեղասպանությունը փաստող անպատասխան նամակներին ու այլ վկայություններին:

Մինչև 2015 թ. հունիսի 1-ը նախագծի շրջանակում կիրականացվի 2 ենթածրագիր, ինչի արդյունքում կհրատարակվի «Պատասխան` 100 տարի անց» պատկերագիրքը:

1. 1894-1923 թթ. գրված, Հայոց ցեղասպանությունը փաստող արխիվային 11 նամակների ընտրություն` հայ և օտարազգի անվանի գործիչներին ծանուցելու և նրանց պատասխան-արձագանքները հավաքագրելու նպատակով:

2. Հայոց ցեղասպանությունը փաստող արխիվային 11 վավերագրերի թեմաներով գեղանկարչական, գրաֆիկական աշխատանքների և քանդակի մրցույթ` ՀՀ ազգային պատկերասրահում թեմատիկ ցուցադրություն կազմակերպելու նպատակով:

Ս. թ. փետրվարի 24-ին և 25-ին Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանությունը փաստող վավերագրերի թեմաներով «Պատասխան` 100 տարի անց. անցյալը ներկայում» խորագրով գեղանկարչական, գրաֆիկական աշխատանքների և քանդակի մրցույթի եզրափակիչ փուլը։ Այդ օրերին փակ ցուցադրությանն այցելեցին և աշխատանքները գնահատեցին մտավորականության` 20-ից ավելի ակնառու ներկայացուցիչներ`Բագրատ Եպիսկոպոս Գալստանյան, Արև Սամուելյան, Կարեն Աղամյան, Արմեն Գասպարյան, Կարո Վարդանյան, Անուշ Հակոբյան, Գագիկ Ղազարյան, Ռուբեն Արուտչյան, Երանուհի Մարգարյան, Հրանտ Թադևոսյան /Թաթոս/, Վերժինե Սվազլյան, Սվետլանա Պետրիկովա, Լուսիկ Ագուլեցի, Եղիշե Խերանյան, Տիգրան Արզումանյան, Հայկ Աղաբեկյան, Հակոբ Չոլակյան, Ջուլիետա Հակոբյան, Ռոբերտ Էլիբեկյան, Աննա Մնացականյան, Շահեն Խաչատրյան և այլք: Աշխատանքները գնահատվեցին 1-5 միավորի սահմանում`համաձայն մրցութային հանձնաժողովի կողմից հաստատված աշխատանքների գնահատման հետևյալ չափորոշիչների.

Մրցույթի ամփոփման և արդյունքների հրապարակման նպատակով ս.թ. փետրվարի 27-ին Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում տեղի ունեցած մամուլի ասուլիսի բանախոսներն էին  ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը, Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը, ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը,  «Պատասխան` 100 տարի անց. անցյալը ներկայում» մրցույթի պատասխանատու, արվեստաբան Արմեն Գասպարյանը, «Պատասխան` 100 տարի անց» նախագծի համակարգող Հասմիկ Հախվերդյանը, Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրենի ժ/պ Անուշ Հակոբյանը:

Այս փուլում ներկայացված լավագույն 20 աշխատանքները կներառվեն «Պատասխան` 100 տարի անց» պատկերագրքում, որոնցից լավագույն 15-ը նաև կցուցադրվեն Հայաստանի ազգային պատկերասրահում` նույնանուն ցուցադրության մեջ: Առավելագույն միավորներ ստացած «Վերջինը» կոչվող քանդակին կտրվի «Հատուկ» կարգավիճակ, որի հեղինակը` Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի 2-րդ կուրսի ուսանող Նարեկ Կնյազյանը, կպարգևատրվի ՀՀ մշակույթի նախարարության և ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից: