Գրականության և արվեստի թանգարանի Կոմիտասի անունը կրող դահլիճում հոկտեմբերի 10-ին տեղի ունեցավ Մանիկ Աճեմյանի` «Սերունդները` հետնորդներին» խորագրով հոդվածաշարը ամփոփող գրքի շնորհանդեսը: Աճեմյանի խոսքով, մտահղացման մեջ էական նշանակություն է ունեցել Գրականության և արվեստի թանգարանի հրատարակած «Պատասխան` 100 տարի անց» վավերագիրքը, որը 2016 թ. արժանացել է «Վահան Թեքեյան» մրցանակի: Շուրջ մեկ տարի գրող, հրապարակագիր Մանիկ Աճեմյանը թեմատիկ զրույցներ է վարել մեկ տասնյակից ավելի մտավորական գործիչների հետ` Գրականության և արվեստի թանգարանի տնօրեն, գրականագետ Կարո Վարդանյան, հայագետ Թեո Մաարտըն Վան Լինտ, դիրիժոր, կոմպոզիտոր Հովհաննես Չեքիջյան, արվեստաբան Զավեն Սարգսյան, գեղանկարիչ Ռոբերտ Էլիբեկյան, գեղանկարիչ Հրանտ Թադևոսյան (Թաթոս), ազգագրական պարերի մասնագետ Գագիկ Գինոսյան, գրող Արևշատ Ավագյան, բանաստեղծ, երգահան Վահան Անդրեասյան (Տեր Թովմա), մշակութային գործիչ Անդրանիկ սարկավագ Մանուկյան, թատերագիր Հրանտ Մարգարյան, Մովսես Մանուկյան, օպերային երգիչ Բարսեղ Թումանյան և այլ ժամանակակիցներ:

Միջոցառմանը հրավիրված էին բոլոր հոդվածագիրները և դպրոցականներ` ուսուցիչների ուղեկցությամբ: Ելույթներով հանդես եկան «Կանչ» մանկապատանեկան թերթի խմբագիր Վարուժան Մնացականյանը, քանդակագործ Գագիկ Գևորգյան (Գագո), գրող Արևշատ Ավագյանը, հոդվածաշարի խմբագիր Գայանե Ենգոյանը, երգիչ-երգահան Արսեն Համբարյանը, բանասեր Տիգրան Սարգսյանը և այլք: