Սմբատ Բյուրատի «Բանաստեղծութիւններ եւ պոեմներ» երկերի ժողովածուի շնորհանդեսով Գրականության և արվեստի թանգարանը և «Բյուրատ մշակութային հիմնադրամը» մեկնարկեցին արձակագիր, պատմաբան, հրապարակախոս Ս․ Բյուրատի 160-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումները։

Միջոցառման սկիզբն ազդարարվեց «Սմբատ Բյուրատ-160» տեսաֆիլմի ցուցադրմամբ, այնուհետև Սմբատ Բյուրատի կենսագրության, գրական ու հասարակական գործունեության, ինչպես նաև նորընծա ժողովածուի վերաբերյալ ամփոփ զեկույց ունեցան ԳԱԹ տնօրեն, բ․գ․թ․ Վահագն Սարգսյանը, գրականագետ, բ․գ․թ․, ԳԱԹ նախկին տնօրեն Կարո Վարդանյանը, բանասեր Միհրան Մինասյանը, Հայաստանի ազգային գրադարանի նախկին տնօրեն Տիգրան Զարգարյանը, գրքի կազմող, ԳԱԹ մարքեթինգային աշխատանքների պատասխանատու Հասմիկ Հախվերդյանը և այլք։

Միջոցառման ընթացքում տեսաուղերձով հանդես եկավ Սմբատ Բյուրատի ամերիկաբնակ թոռնորդին` Հայկ Բյուրատը, ում նախաձեռնությամբ ու ֆինանսավորմամբ էլ հրատարակվել է «Բանաստեղծութիւններ եւ պոեմներ» ժողովածուն։

Շնորհանդեսին «Ծագե նոր օր» խորագրով գեղարվեստական միջոցառմամբ ելույթ ունեցան նաև Ս․ Բյուրատի անվան թիվ 125 դպրոցի սաները։