Սեպտեմբերի 26-ին, ժամը 14.00-ին, Գրականության և արվեստի թանգարանի Կոմիտասյան սրահում տեղի ունեցավ Կոմիտասի ծննդյան 145 ամյակի առթիվ կազմակերպված «2 ժամ Վարդապետի աշխարհում» համերգ- ցուցադրությունը:

<<Կոմիտաս. Հայտնի և անհայտ>> խորագիրը կրող ցուցադրության մեջ ներկայացված ավելի քան վեց տասնյակ նյութերի զգալի մասը առաջին անգամ է ցուցադրվում: Կոմիտասի կյանքը և ստեղծագործությունները երևի թե ամենից շատ են ուսումնասիրվել, ընթերցվել, լուսաբանվել, մեկնաբանվել և հրատարակվել, բայց այդ ամենով հանդերձ Կոմիտասը որպես երևույթ շատ անհայտներ ունի իր մեջ: Այս ցուցադրությամբ փորձ է արվել ուսումնասիրողներին ուղղորդել դեպի այդ անհայտների բացահայտումը: Ասվածի վառ օրինակ է Կոմիտասի ինքնակենսագրականների երեք՝ բոլորովին տարբեր օրինակները, ֆրանսիացի կոմպոզիտորիների կողմից արված կոմիտասյան երկերի մշակումները, <<Հայ քնար>> միաձայն երգերի առաջին տասնյակի մակետը և այլն: Առաջին անգամ ցուցադրվում են մի շարք լուսանկարներ, որոնցից ուշադրության են արժանի հատկապես Պողոսյան վարժարանում Կոմիտասի լուսանկարը ուսուցիչների հետ՝ արված 1911թ., Կոմիտասի ազգականների խմբանկարը /պատճեն/, Կոմիտասի աշակերտներից երեքի՝ Բարսեղ Կանաչյանի, Վարդան Սարգսյանի և Միհրան Թումաճանի ջանքերով կազմած 400 երգիչներից բաղկացած երգչախմբի լուսանկարը, որն արվել է 1919թ. Պոլսի համերգից հետո: Քիչ ցուցադրված մասունքներից է Կոմիտասի բրոնզաձույլ մահադիմակը:

 

Կոմիտասի նորովի բացահայտմանն էին ուղղված թավջութակահարուհի, ՀՀ ժող. արտիստուհի Մեդեա Աբրահամյանի և դիրիժոր, երաժշտագետ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դանիել Երաժիշտի դասախոսությունները: Միջոցառումը շարունակվեց Կոմիտասի անվան լարային քառյակի համերգով /ղեկ. Էդուարդ Թադևոսյան/ և Կոմիտասյան երգերի կատարումներով՝ Մարիամ Կանայանի մատուցմամբ: Վերջում ցուցադրվեց Գագիկ Հարությունյանի հեղինակային <Գութաներգ> խորագրով տեսաֆիլմը:

Միջոցառումն անց է կացվում << Եվրոպական ժառանգության օրեր>> ակցիայի շրջանակներում: