Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում ավարտվել է դերասան, լուսանկարիչ Արտաշես Վրույրի (1897-1987) արխիվի գիտական մշակումը, և այն արդեն հասանելի է հանրությանը։
Արտաշես Արամի Վրույրը ծնվել է Թիֆլիսում, դերասանի ընտանիքում: Կրթություն ստացել է Ներսիսյան դպրոցում: Դերասանական արվեստով և հնագիտական լուսանկարչությամբ հետաքրքրվել է վաղ տարիքից: Երկու մասնագիտություններով էլ զբաղվել է ողջ կյանքի ընթացքում:
1915 թ. Տիգրան Շամիրխանյանի (ՀՍՍՌ ժող. արտիստ) հետ գրել է երաժշտական կոմեդիա՝ նյութ ընտրելով Մոլլա-Նասրէդդինի արկածները: Այնուհետև, որպես սկսնակ դերասան, հանդես է եկել Գ. Փիրումյանի ու Ա. Արմենյանի դրամա-օպերետային խմբում: Ապա հոր` Արամ Վրույրի հետ դարձել են կոլեգաներ և շրջել Հայաստանի տարբեր շրջաններով: Բեմական անունը կնքվել է Վրույր Կրտսեր: 1915-1917 թվականներին որպես լուսանկարիչ մասնակցել է Նիկողայոս Մառի պեղումներին, Հովսեփ Օրբելու, Բորիս Պիոտրովսկու, Նիկոլայ Տոկաևսկու արշավախմբերին: 1917 թ. միացել է «Գուրգեն» թատերախմբին, որի ղեկավարն է եղել Հովհաննես Աբելյանը: 1919-1921 թթ. գործել է Բաթումիի հայկական թատերախմբում: Քաղաքական իրավիճակը ստիպել է մեկնել Հունաստան: Մոտ հինգ տարի բնակվել և աշխատել է Հունաստանում, Բուլղարիայում և Իզմիրում: Այս տարիներին եղել է Աբելյան-Սուրաբյան թատերախմբում: 1925 թ. Հուշարձանների պահպանման նորաստեղծ կոմիտեի գիտական քարտուղար Աշխարհաբեկ Քալանթարի հրավերով Բաթումից տեղափոխվել է Երևան և ընդգրկվել Սևանի գիտարշավում որպես լուսանկարիչ: 1927 թ. դարձել է Երևանի բանվորական թատրոնի հիմնադիրներից, որտեղ աշխատել է մոտ տասը տարի: Միաժամանակ լուսանկարել է Աշտարակի, Էջմիածնի հուշարձանները: Ավագ եղբոր` Արայի հետ շրջել է Հայաստանի մի շարք վայրեր և կատարել լուսագրումներ` Ամբերդ, Աշտարակ, Էջմիածին, Գառնի, Գեղարդ և այլն: 1936 թ. Հովսեփ Օրբելու ղեկավարությամբ որպես լուսանկարիչ մասնակցել է Ամբերդի առաջին գիտարշավին:
1937-1942 թթ. եղել է Ախալցխեի պետական հայկական թատրոնի գեղարվեստական ղեկավարը (միաժամանակ` դերասան և ռեժիսոր): 1942 թ. վերադարձել է Հայաստան, ընդունվել Հոկտեմբերյանի շրջանի Պետթատրոն, այնուհետև Էջմիածին: 1945 թ. արժանացել է ՀՍՍՌ վաստակավոր արտիստի կոչման: 1949-ից աշխատել է Արտաշատի շրջանային պետական թատրոնում:
Առավելապես աչքի է ընկել Բաղդասար աղբարի դերակատարությամբ: Խաղացել է Աբիսողոմ աղա («Մեծապատիվ մուրացկաններ»), Հարփագոն («Ագահը»), Դոն-Գրիգորիո («Դոն-Գրիգորիո»), Արգոն «Երևակայական հիվանդ», քաղաքագլուխ «Ռևիզոր», Հասան «Ղարաբաղի աստղագետը», քավոր Պետրոս «Խաչագողներ» և այլն:
1964 թ. լույս է տեսել «Անիում» հուշագրությունը, որը վերահրատարակվել է 1979 թվականին:
Արխիվն ընդգրկում է շուրջ 800 գրանցման միավոր՝ հոդվածներ, գրառումներ, հուշագրություն, Արտաշես Վրույրի գրած և ստացած նամակները, անձնական փաստաթղթեր և կենսագրական նյութեր, լուսանկարներ, մամուլ, գրքեր, կերպարվեստի գործեր։
Արխիվը մշակել է ԳԱԹ-ի թատերական բաժնի վարիչ ՆԱԻՐԱ ՇԱՀՎԱԼԱԴՅԱՆԸ։