Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում ավարտվել է ջութակահար և մանկավարժ, Երևանի պետական կոնսերվատորիայի կամերային անսամբլի ամբիոնի հիմնադիր Կարեն Կոստանյանի արխիվի գիտական մշակումը, և այն արդեն հասանելի է հանրությանը։

Ջութակահար և մանկավարժ, Երևանի կոնսերվատորիայի կամերային անսամբլի ամբիոնի հիմնադիր ԿԱՐԵՆ ԿՈՍՏԱՆՅԱՆԸ ծնվել է Երևանում 1922-ին, հայտնի պետական գործիչ Արամ Կոստանյանի ընտանիքում։ Երևանի միակ երաժշտական դպրոցում նա սովորել է պրոֆեսոր Դ. Լեկգերի դասարանում։ 1935-36-ին Երևանի կոնսերվատորիային կից կազմակերպվում է շնորհալի երեխաների խմբակ, որտեղ ընդգրկված էր նաև Կ.Կոստանյանը։ Փայլուն երաժշտական տվյալները վաղ հասակից կանխորոշում են ապագա ջութակահարի ուղին։
Սակայն հոր ողբերգական մահը կտրուկ փոխում է Կարենի ճակատագիրը։ Որպես «ժողովրդի թշնամու զավակ» հեռացվում է դպրոցից, ընտանիքը հայտնվում է փողոցում, նրա առջև փակվում են բոլոր դռները։ Շատերը հայտնի պատճառով խզում են կապերը Կոստանյան ընտանիքի հետ։ Միայն ուսուցիչը՝ Դ. Լեկգերը, սատարելով իր աշակերտին, խորհուրդ է տալիս տեղափոխվել Մոսկվա։ Այնտեղ Կարենի զարմուհու՝ հայտնի ինժեներ-կոնստրուկտոր Ելիզավետա Շահխաթունու ջանքերի շնորհիվ ընդունվում է Մոսկվայի կոնսերվատորիային կից Կենտրոնական երաժշտական դպրոց։ Բոլոր նախադրյալները կային Մոսկվայի կոնսերվատորիա ընդունվելու համար, սակայն ավարտական քննությունից երեք օր առաջ սկսվում է Հայրենական մեծ պատերազմը և Կոստանյանը վերադառնում է Հայաստան։ 1941-ին նա ընդունվում է Երևանի կոնսերվատորիա՝ Ավետ Գաբրիելյանի դասարան։ Պատերազմի ավարտից հետո ուսումը շարունակում է Մոսկվայի կոնսերվատորիայում՝ պրոֆեսոր Կոնստանտին Մոստրասի դասարանում։ 1948-ին գերազանց ավարտելով կոնսերվատորիան` վերադառնում է Հայաստան՝ իրեն նվիրելով կատարողական գործունեությանը և մանկավարժությանը։ Նվագել է տարբեր նվագախմբերում, իսկ 1954-ից մինչև 1986-ը հանդես է եկել որպես մենակատար։ Մանկավարժական աշխատանքը կապված էր Երևանի կոնսերվատորիայի և Պ.Չայկովսկու անվ. միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոցի հետ։
Մահացել է 1986-ին։

Կարեն Կոստանյանի արխիվն ընդգրկում է ազդագրեր, ծրագրեր, անձնական և կենսագրությանն առնչվող փաստաթղթեր, հոդվածներ, լուսանկարներ, նամակներ։
Թեմաների ընդգրկման տեսանկյունից մեծ արժեք է ներկայացնում Կարեն Կոստանյան-Կոնստանտին Մոստրաս նամակագրությունը, որը ուսուցիչ-սան հոգևոր կապի փայլուն օրինակ է։
«Այլ անձանց նյութեր» բաժնում պահպանվում են Կարեն Կոստանյանի մորաքրոջը՝ Մարգարիտա Շահխաթունուն ձոնված՝ Վեսպերի «Գեղօն» և «Գրետային» բանաստեղծությունների, ինչպես նաև ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆԻ երեք նամակների և «Սոնետ» բանաստեղծության ինքնագրերը։

Արխիվը մշակել է ԳԱԹ-ի երաժշտական բաժնի վարիչ ՑՈՂԻԿ ԲԵՔԱՐՅԱՆԸ։