Հոկտեմբերի 25-ին Գրականության և արվեստի թանգարանում կազմակերպվել էր միջոցառում՝ նվիրված հայ ականավոր դերասան, ռեժիսոր, թատերական գործիչ Արմեն Գուլակյանի 115-ամյակին: Թանգարանի ժամանակավոր ցուցադրությունների սրահում այցելուները հնարավորություն ունեցան տեսնելու ցուցանմուշներ Գուլակյանի արխիվից՝ լուսանկարներ, անձնական և բեմական իրեր, նամակներ, բեմադրությունների ձևավորման էսքիզներ: Թատերագետ, ԳԱԱ թղթակից անդամ Հենրիկ Հովհաննիսյանը ներկայացրեց Արմեն Գուլակյան անհատին, մանկավարժին և թատերական գործչին, խոսեց Գուլակյանի ռեժիսորական ոճի մասին՝ առանձնացնելով հատկապես «Մակբեթ», «Ֆիգարոյի ամուսնությունը», «Դիմակահանդես», «Կենդանի դիակ» պիեսների բեմադրությունները: Միջոցառումը եզրափակվեց թատերագետ Գոռ Վանյանի «Արմեն Գուլակյանի ստեղծագործական կյանքը և արվեստը» գրքի շնորհանդեսով: