Մայիսի 18-ին` Թանգարանների միջազգային օրը, «Թանգարանները հանուն կայուն զարգացման» խորագրի ներքո Գրականության և արվեստի թանգարանում իրականացվեց մի շարք միջոցառումներ.
«Նարեկացի» արվեստի միության «ՆԱՐԵԿ» երգչախումբը հանդես եկավ գեղեցիկ համերգով /գեղ. ղեկ. և խմբավար Նարինե Դավթյան/: Երգացանկում ընդգրկված էին Կոմիտասի երկու տասնյակ երգ, այդ թվում՝ «Անձրևն եկավ», «Չինար ես», «Էսօր ուրբաթ է», «Սուրբ- սուրբ» և այլն:
Փոքր տարիքի այցելուների համար «Հայկական մանրանկարչության կենտրոն» հիմնադրամի հետ համատեղ իրականացվեց կրթական ծրագիր՝ Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմի թեմաներով: Թանգարանի երաժշտարվեստին նվիրված ցուցասրահում երեխաները Կոմիտասի լուսանկարների, երաժշտական գործիքների, հագուստի և այլ մասունքների միջոցով ծանոթացան մեծ երգահանի կյանքին ու գործունեությանը: Իսկ թանգարանի Կոմիտասի անունը կրող դահլիճում հնարավորություն ունեցան երգուսույցի /կարաոկե/ միջոցով սովորել և կատարել Կոմիտասի մի շարք երգեր:
Ծրագրի վերջում երեխաներին հանձնարարվեց Կոմիտասի վերաբերյալ այդ օրվա ընթացքում ձեռք բերած գիտելիքները և տպավորությունները ամբողջացնելով՝ նկարազարդել Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմի թեմայով արված ալբոմը, որը, ինչպես գիտենք, ներկայացնում է Կոմիտասի կենսագրությունը: