Սեպտեմբերի 23-ին Գրականության և արվեստի թանգարանում կազմակերպվեց  Զորավար Անդրանիկի հոգեզավակ, ֆրանսահայ ճարտարագետ, Վազգեն Անդրեասյանի  «Անդրանիկ» գրքի շնորհանդեսը:

Գիրքը առաջին անգամ հրատարակվել է  հեղինակի կենդանության օրոք` 1982թ., Բեյրրութում: ՀՀ անկախության տոնի և Զորավար Անդրանիկի 150-ամյա հոբելյանի շրջանակներում  հուշագրությունը վերահրատարակվեց Գրականության և արվեստի թանգարանի կողմից՝ գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու, Գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանի առաջաբանով:

Կարո Վարդանյանը ներկաներին ծանոթացրեց Վազգեն Անդրեասյանի կենսագրությանն ու գրքի բովանդակությանը՝ մասնավորեցնելով Անդրանիկի մասին բրիտանացի հազարապետ Գիբոնսի հուշերը,  որոնք հեղինակը զետեղել էր գրքում:

Զորավար Անդրանիկի հերոսական կերպարին անդրադարձան նաև հրապարակախոս, պատմաբան Ռուբեն Սիմոնյանը և թերթի խմբագիր Պուշկին Սերոբյանը: Զորավարին նվիրված հայրենասիրական երգերի կատարումով հանդես եկավ աշուղ Ռազմարը: