Ս.թ. փետրվարի 18-ին Գրականության և արվեստի թանգարանում ցուցադրվեց ռեժիսոր Մովսես Գասպարյանի «Պոստ ֆակտում… Անցյալն է որոշում ապագան» վավերագրական ֆիմը՝ նվիրված Կոմիտասի «Քրդական մեղեդի» թեմայով դիպլոմային թեզի լինելիության խնդրին:
40 րոպե տևողությամբ ֆիլմը նկարահանվել է «Նոր տապան» ստեղծագործական խմբի կողմից /պրոդյուսեր՝ Գագիկ Հարությունյան/: Ֆիլմի նկարահանումները իրականացվել են նաև Գրականության և արվեստի թանգարանում՝ օգտագործելով թանգարանում պահվող Կոմիտաս վարդապետի արխիվային նյութերը:
Կինոդիտումից անմիջապես հետո ծավալվեց բուռն քննարկում ստեղծագործական խմբի և հանդիսատեսի միջև, որոնց թվում էին նաև կինոգետ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սուրեն Հասմիկյանը և երաժշտագետ, արվեստագիտության թեկնածու Ալինա Փահլևանյանը: