Հունվարի 20-ին, մեծանուն բանաստեղծուհի, հասարակական գործիչ, հրապարակախոս, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 103-ամյակի առթիվ Գրականության և արվեստի թանգարանը՝ ԳԱԹ մասնաճյուղ Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանի հետ համատեղ կազմակերպել էր գրական-երաժշտական ցերեկույթ։
Բացման խոսքով հանդես եկավ Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանի վարիչ Արմենուհի Դեմիրճյանը, ով նաև հյուրերի դատին հանձնեց բանաստեղծուհու հոբելյանի առիթիվ հրատարակած «Խոսք իմ որդուն» բանաստեղծության եռալեզու գրքույկը։
Ապա Գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Վահագն Սարգսյանը կիսվեց Կապուտիկյանի հետ ունեցած հուշերով և անդրադարձավ բանաստեղծուհու գրական ու հասարակական գործունեությանը։ Ցերեկույթի ընթացքում ելույթ ունեցան նաև Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, գրականագետ, բ․գ․դ․ Ազատ Եղիազարյանը և այլք։
Սիլվա Կապուտիկյանի բանաստեղծությունների հիման վրա ստեղծված սրտառուչ երգերի կատարմամբ հանդես եկան երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստուհի Լեյլա Սարիբեկյանը և Երևանի Չայկովսկու անվան միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոցի սաները, իսկ հաղորդավարուհի Լիլի Հովերի ընթերցմամբ հնչեցին Կապուտիկյանի սիրային բանաստեղծություններից։