Ս.թ. ապրիլի 19-ից Գրականության և արվեստի թանգարանում մեկնարկեց Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին նվիրված «ԱՊՐԵԼՈՎ 107 ԱՊՐԻԼ» խորագրով ցուցադրությունը և միջոցառումների շարքը։ Այդ շրջանակում կազմակերպվող թեմատիկ դաս-հանդիպումներին կմասնակցեն Ցեղասպանության զոհ-մտավորականների անունները կրող 5 դպրոցների ավագ դասարանցիները։
Ապրիլի 19-ին թանգարանում Սմբատ Բյուրատի անվան թիվ 125 դպրոցի սաները հանդիպեցին Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Եպիսկոպոս Գալստանյանին, միասին դիտեցին ու վերլուծեցին 2015թ. նկարահանված «Պատասխան 100 տարի անց» նախագծի մասնակիցների՝ դեպի Արևմտյան Հայաստան ուխտագնացության մասին «Մենք կգանք» վավերագրական ֆիլմը։
Դպրոցականները ծանոթացան նաև «ԱՊՐԵԼՈՎ 107 ԱՊՐԻԼ» ժամանակավոր ցուցադրությանը, որտեղ ներկայացված են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին կազմակերպված «Անցյալը՝ ներկայում» կերպարվեստի աշխատանքների մրցույթի լավագույն 5 քանդակները, Սանկտ-Պետերբուրգի պետական «Ցարական գյուղական հավաքածու» թանգարանի տնօրեն, գեղանկարիչ Ալեքսանդր Նեկրասովի «Լքյալը» (2015), ֆրանսահայ նկարչուհի Ասիլվայի «Պատմության էջեր» (2014) և ՀՀ ժողովրդական նկարիչ Հակոբ Հակոբյանի «Ապրիլ» (1985) կտավները։