Թանգարանների միջազգային օրը Գրականության և արվեստի թանգարանում այս տարի նշանավորվեց բազմաբնույթ միջոցառումներով, որոնք անցկացվեցին «Թանգարաններ, կայունություն, բարեկեցություն» խորագրի ներքո։

Օրը մեկնարկեց համագործակցության հուշագրերի կնքմամբ․ «Թուֆենկյան» և «Սիպիլ Լա Ռեն» ընկերությունների հետ կնքված հուշագրերի շրջանակում նախատեսվում է համագործակցել հուշանվերների պատրաստման, կրթական և ցուցահանդեսային ծրագրերի իրականացման ոլորտներում։

Հաջորդիվ բացվեց «Քրիստափոր Կարա-Մուրզա -170» ժամանակավոր ցուցադրությունը՝ նվիրված մեծանուն կոմպոզիտոր-խմբավարի հոբելյանին։

Ցուցադրության բացմանը հաջորդեց օպերային երաժշտության համերգ՝ Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջատար մենակատարներ Հայկ Տիգրանյանի, Օֆելյա Համբարձումյանի և դաշնակահար Վասիլի Ռոլիչի մասնակցությամբ․ հնչեցին Կոմիտասի, Արամ Խաչատրյանի, Հարո Ստեփանյանի, Ալեքսանդր Սպենդիարյանի, Տիգրան Չուխաջյանի ստեղծագործություններից։ Համերգը վարեց մշակութաբան Արմինե Տիգրանյանը։