Դերասան, ռեժիսոր, սցենարիստ, «Ագուլիս» տիկնիկային թատրոն–ստուդիայի հիմնադիր ղեկավար Երվանդ Մանարյանի 90-ամյա հոբելյանի շրջանակներում սեպտեմբերի 17-ին Գրականության և արվեստի թանգարանում տեղի ունեցավ հանդիպում սիրված արվեստագետի հետ: Թանգարանի կոմիտասյան դահլիճում հավաքվել էին վարպետի ընկերները, հարազատներն ու նրա արվեստի երկրպագուները, որոնք հուզված էին ոչ պակաս, քան ինքը՝ հոբելյարը: Երվանդ Մանարյան մարդու, ընկերոջ և արվեստագետի մասին իրենց խոսքն ասացին Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղ. ղեկավար և տնօրեն Ռուբեն Բաբայանը, թատերագետներ Լևոն Մութաֆյանը, Բախտիար Հովակիմյանը, Վարսիկ Գրիգորյանը, ամսագրի գլխավոր խմբագիր Ռոբերտ Մաթոսյանը, ժողովրդական նկարիչ Ստեփան Անդրանիկյանը, իսկ Գրակաության և արվեստի թանգարնի տնօրեն Կարո Վարդանյանը հույս հայտնեց, որ Երվանդ Մանարյանի ծննդյան 100 ամյակը նույնպես պիտի նշենք մեր թանգարանում՝ վարպետի հետ միասին:
Գեղեցիկ երգերի կատարմամբ Մանարյանին անակնկալ մատուցեցին որդին՝ սցենարիստ, երգահան Քրիստ Մանարյանը և երգչուհի Մարիամ Կանայանը: Միջոցառումն ավարտվեց հոբելյանական տորթի հյուրասիրությամբ: