Անվանի կինոօպերատր, ՀԽՍՀ  արվեստի վաստակավոր գործիչ  Ալբերտ Յավուրյանի 80-ամյակին էր նվիրված նոյեմբերի 13-ին Գրականության և արվեստի թանգարանում կազմակերպված հուշ-ցերեկույթը… Ծավալվեց ջերմ ու մտերմիկ զրույց, որի ընթացքում Ալբերտ Յավուրյան արվեստագետի և մարդու մասին իրենց խոսքն ասացին Գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը, թանգարանի գիտական գծով փոխտնօրեն Գուրգեն Գասպարյանը, կինոգետ, պրոֆեսոր,  ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սուրեն Հասմիկյանը, կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Մարտին Վարդազարյանը,  Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանի տնօերն Զավեն Սարգսյանը, ՙԿինո +՚ ամսագրի գլխավոր խմբագիր Ռոբերտ Մաթոսյանը և Ա. Յավուրյանի կինը՝ Մայա Յավուրյանը:  Ցերեկույթն առավել հուզիչ դարձավ քամանչահար Հակոբ Խալաթյանի և երգահան Արսեն Համբարյանի երաժշտական կատարումների շնորհիվ:

Միջոցառման վերջում ցուցադրվեց ռեժիսոր, արվեստաբան Էդուարդ Համբարձումյանի  ՙԱլբերտ Յավուրյան՚ վավերագրական ֆիլմը, որից հետո ներկաները հնարավորություն ունեցան նաև դիտելու մեծանուն օպերատորի կյանքն ու գործունեությունը ներկայացնող ժամանակավոր ցուցադրությունը: