«Երևան հյուրանոցի բնակիչները» նախագծի շրջանակներում օգոստոսի 15-ին «Գրանդ Հոթել Երևան» հյուրանոցում բացվեց «Համո Բեկնազարյան. կինոն հյուրանոցում» խորագրով ցուցադրությունը: Ցուցադրված էին առաջին կինոխցիկը, որով նկարահանվել են հայկական համր ֆիլմերը, լուսանկարներ ֆիլմերի նկարահանման ընթացքից, զգեստների էսքիզներ «Պեպո» ֆիլմից և այլն:

1935 թվականին, երբ Համո Բեկնազարյանը ստեղծում է հայկական առաջին հնչյունային ֆիլմը, նկարահանող խմբի անդամների մեծ մասը` ռեժիսորի հետ միասին, բնակվել են հյուրանոցում: Եվ հենց Համո Բեկնազարյանի սենյակում՝ հատուկ տեղադրված դաշնամուրի վրա, Արամ Խաչատրյանը ստեղծել է հայկական առաջին հնչյունային ֆիլմի` «Պեպոյի» երաժշտությունը: «Պեպոյի» երգի տեքստը գրել է բանաստեղծ Եղիշե Չարենցը, որը նույնպես 1928-1935 թվականներին ապրել է «Երևան» հյուրանոցում: