Հոկտեմբերի 15-ին Գրականության և արվեստի թանգարանում բանաստեղծ, արձակագիր Մկրտիչ Խերանյանի 120-ամյա հոբելյանի շրջանակում տեղի ունեցավ «Մարգարիտներ Վասպուրականի հայ ժողովրդական բանահյուսության գանձարանից» և «Երկար, երկար մի ճանապարհ…» գրքերի շնորհանդեսը:


Գրականանության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը հանդես եկավ բացման խոսքով և հյուրերին հանգամանալից ծանոթացրեց Մկրտիչ Խերանյանի գրական ժառանգությանը: Հեղինակի կենսագրության հետաքրքիր դրվագներով և հուշերով կիսվեց Մ. Խերանյանի թոռը՝ ռեժիսոր Եղիշե Խերանյանը: Ելույթ ունեցան նաև «Մարգարիտներ Վասպուրականի հայ ժողովրդական բանահյուսության գանձարանից» գրքի առաջաբանի հեղինակ Նորայր Ենգիբարյանը, լրագրող, հրապարակախոս Հովհաննես Պապիկյանը, երգիչ, երգահան Արսեն Ղամբարյանը:


Հավելենք, որ «Երկար, երկար մի ճանապարհ…» ինքնակենսագրական վեպում արտացոլված են հեղինակի վաղ մանկությունը, ողջ գերդաստանի ողբերգական օրերը եղեռնի ժամանակ, Վանի հերոսամարտը և այդ հերոսամարտից հետո ողջ մնացած և Խորհրդային Հայաստան ներգաղթածների ճակատագիրը: Իսկ «Մարգարիտներ Վասպուրականի հայ ժողովրդական բանահյուսության գանձարանից» գրքում տեղ են գտել Խերանյանի՝ տարիներով գրի առած, կորստից փրկված Վանա աշխարհի ժողովրդական ստեղծագործությունները՝ վիպերգեր, առածներ, ասացվածքներ, հանելուկներ և այլն: