Մեծանուն բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 105-ամյակի առիթով Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի և նույն թանգարանի մասնաճյուղ Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանի նախաձեռնությամբ Կոմիտասի անվան պանթեոնում Սիլվա Կապուտիկյանի շիրմի մոտ տեղի ունեցավ հիշա­տակի խնկարկման արարողություն: Հիշատակի արարողությանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ԳԱԹ տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանը, տուն-թանգարանի վարիչ Արմենուհի Դեմիրճյանը, մշակույթի գործիչներ, արվեստագետներ, գրողներ և բանաստեղծուհու պոեզիայի երկրպագուներ: Ս. Կապուտիկյանի շիրմի մոտ աղոթք հնչեց բանաստեղծուհու հիշատակին: Հիշատակի խոսք ասացին Սյուզաննա Խոջամիրյանը, Արմենուհի Դեմիրճյանը, Արամ Սարգսյանը, «Սիլվա Կապուտիկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Թաթուլ Մանասերյանը և այլք:

Տուն-թանգարանի վարիչ Արմենուհի Դեմիրճյանը նախարար Ժաննա Անդրեասյանին նվիրեց Ս. Կապուտիկյանի «Էջեր փակ գզրոցներից» գրքի նոր հրատարակության առաջին օրինակը։

Այնուհետև, Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ բանաստեղծուհուն նվիրված հուշ-ցերեկույթ: Ներկաներն անդրադարձան մեր ժամանակների մեծագույն բանաստեղծուհու գրական-հասարակական գործունեությանը, նրա բերած նորություններին:

«Սիլվա Կապուտիկյանն իր ապրած կյանքով փաստեց հայ մտավորականի վեհության, ազնիվ ապրելու, ազգին ու գրողի առաքելությանը հավատարմորեն ծառայելու բարձրագույն իմաստը։
Բանաստեղծուհին դեռևս քսան տարեկան էր, սակայն գրական շռնդալից մուտքով նա արժանացավ գրասերների հիացմունքին:
Սիլվա Կապուտիկյանը մշտապես ապրեց իր ժողովրդի ցավերով ու մտահոգություններով։ Այսօր մենք անվանի մտավորականի շիրիմին ենք եկել առավել լռելու, քան խոսելու։ Մեր լռության մեջ յուրաքանչյուրս մեր Կապուտիկյանին վերագտնենք ու առաջնորդվենք նրա պատգամներով, հող հայրենին սիրելու բացառիկ կարողությամբ, մայր լեզուն փայփայելու անմնացորդ շնորհով։ Շնորհակալ ենք, սիրելի հայուհի, այդքան մերը լինելու համար»,- նշեց ԳԱԹ տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանը։