Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը հերթական անգամ իր հյուրընկալ դռներն էր բացել հայ ժամանակակից գրողների և նրանց ստեղծագործություններվ հետաքրքրվողների առաջ: Կոմիտասի անվան դհլիճում նոյեմբերի 16-ին տեղի ունեցավ Հայաստանի և Մոսկվայի գրողների միության անդամ, թարգմանչուհի, լրագրող Կարինե Խալաթովայի «Գործ №...» գրքի շնորհանդեսը: Գիրքը նվիրված է ստալինյան բռնապետության տարիերին հալածանքների ենթարկված հայ գրողներին: Հեղինակը անթաքույց հուզմունքով պատմեց գրքի ստեղծման բարդ ու երկար աշխատանքի մասին: Նա նաև նշեց, որ գիրքը գրելիս պարբերաբար օգտվել է Պետարխիվի, գրականության և արվեստի թանգարանի և պետական անվտանգության կոմիտեի (КГБ) արխիվային նյութերից:
Շնորհանդեսն սկսվեց շարականների հնչյուններով` Տիրան Լօքմագյոզյանի և Անուշ Մելքումյանի կատարմամբ: Այնուհետև թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը ողջունեց հյուրերին և մասնավորապես ասաց. «Մեր ժողովուրդը ստալինյան ռեպռեսիաների ամենամեծ զոհերից է, մանավանդ, երբ հաշվի ենք առնում, որ դրանք անմիջապես հաջորդեցին 1915-22թթ հայկական մասսայական ջարդերին, որոնց սարսափներն ու հետևանքները տակավին թարմ էին: Թե Եղեռնը և թե ստալինյան մահաբեր հողմապտույտը մեր գրականության և արվեստի առավել ուշագրավ թեմաներից են, որոնց շուրջ ստեղծվել են տասնյակ ու տասնյակ երևելի ստեղծագործություններ: Կարինե Խալաթովայի գիրքը մեր ուշադրությունն է հրավիրում 30-ականների զարհուրանքի միջով անցած գրողների ստեղծագործությունների վրա, որոնք լինելով գրական նշանակալի արժեքներ, միևնույն ժամանակ օգնում են ճշգրիտ գնահատել մեր պատմության այդ սև էջը»:
«Գործ №...» գրքից ստացած տպավորությունները ներկյացրեցին նաև դրամատուրգ, «Գրական թերթի» գլխավոր խմբագիր Կարինե Խոդիկյանը, լրագրող, նկարիչ, ճարտարապետ պավել Ջանգիրովը, գրքի խմբագիր Վահագն Սարգսյանը և այլք: Երիտասարդ բանաստեղծներ Վահե Արսենը և Էդուարդ Հարենցն ընթերցեցին իրենց ստեղծագործություններից: Միջոցառմանը ելույթ ունեցան Երևանի Կոմիտասի անվան պետական Կոնսերվատորիայի ուսանողները: