Գրականության և արվեստի թանգարանը Երևանի Կոմիտասի անվ. պետական կոնսերվատորիայի հետ համատեղ կազմակերպել էր երաժշտագետ Գրիգոր Փիթեջյանի «Քրիստափոր Կարա- Մուրզա» գրքի շնորհանդեսը, որը տեղի ունեցավ նոյեմբերի 14-ին: Գրքում տեղ են գտել Կարա-Մուրզայի կենսագրական նյութերը, նոտագրությունները, լուսանկարները, էջեր` մինչ այդ կորած համարվող քառաձայն Պատարագից, որոնք պահպանվում են Գրականության և արվեստի թանգարանի արխիվում, ինչպես նաև նրա ստեղծագործությունների խտասալիկը` Երևանի պետական Կամերային երգչախմբի կատարմամբ: Շնորհանդեսը նվիրված էր Ք. Կարա-Մուրզայի ծննդյան 160 և Գ. Փիթեջյանի գործունեության 60-ամյակներին:

Միջոցառման սկզբում գրքի պատասխանատու խմբագիր Գոհար Շագոյանը ներկայացրեց Գրիգոր Փիթեջյանի կենսագրությունը և ստեղծագործական ուղին` մասնավորապես «Քրիստափոր Կարա-Մուրզա» գրքի ստեղծման պատմությունը: Ելույթներով հանդես եկան Գարականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը, արվեստագիտության դոկտոր Աննա Արևշատյանը, սարկավագ Գևորգ Հաջյանը և այլք:

Երևանի պետական Կամերային երգչախումբը`գեղ. ղեկավար և դիրիժոր Հարություն Թոփիկյանի ղեկավարությամբ, կատարեց հատվածներ Կարա-Մուրզայի քառաձայն Պատարագից, աշխարհիկ խմբերգերից և ժողովրդական երգերի շարքից: