Հունվարի 17-ին Դերենիկ Դեմիրճյանի ծննդյան 140-ամյակի առթիվ Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանը /Գրականության և արվեստի թանգարանի մասնաճյուղ/ կազմակերպել էր երթ դեպի Երևանի քաղաքային պանթեոն, որտեղ գտնվում է գրողի շիրիմը: Երթին մասնակցել են ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, ՀԳՄ վարչության քարտուղար Պետրոս Դեմիրճյանը, «Հայկական հանրագիտարան հրատարակչության» գլխավոր խմբագիր-տնօրեն Հովհաննես Այվազյանը, Դերենիկ Դեմիրճյանի անվան թիվ 27 դպրոցի տնօրեն Սուսաննա Սարգսյանը, Դերենիկ Դեմիրճյանի հարսը՝ Լյուդմիլա Դեմիրճյանը, ծոռը՝ Դիանա Դեմիրճյանը, եղբոր՝ Գևորգ Դեմիրճյանի ծոռը՝ Վահան Մելիքյանը, մանկավարժներ, դպրոցականներ, թանգարանի աշխատակիցներ, այլք: Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանի վարիչ Կարինե Ռաֆայելյանը, Էդվարդ Միլիտոնյանը, Պետրոս Դեմիրճյանը, Հովհաննես Այվազյանը, Լյուդմիլա Դեմիրճյանը, Վահան Մելիքյանը իրենց խոսքում անդրադարձան Դեմիրճյանի գրական ժառանգության անուրանալի վաստակին, ներկայացրին հետաքրքիր մանրամասներ նրա կյանքից: Դեմիրճյանի անվան դպրոցի սաները հանդես եկան գրողին նվիրված փոքրիկ ելույթով: