Ամփոփվեց կանանց և գարնանային տոներին նվիրված «Նամակ մայրիկին...» միջոցառումը
Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը գարնանային տոների կապակցությամբ կազմակերպել էր միջոցառում՝ «Նամակ մայրիկին...» խորագրով։ Միջոցառումը երկու փուլով էր. նախ միջոցառման մասնակից 10–16 տարեկան դպրոցականները այցելեցին թանգարան, որտեղ նրանց համար ընթերցվեցին բացառիկ նամակներ՝ Սիամանթոյից, Դանիել Վարուժանից, Գաբրիել Սունդուկյանից և այլ ականավոր գրողներից։ Այնուհետև՝ փոքրիկ զրույցից հետո, դպրոցականներն իրենք գրեցին նամակներ իրենց մայրերին։ Միջոցառման երկրորդ փուլին մասնակցելու հրավիրվեցին այն մայրիկները, ովքեր նամակներ ունեին ստանալու։ Դա գեղեցիկ անակնկալ էր, քանի որ միջոցառման պայմանի համաձայն՝ մեր փոքրիկ այցելուները գաղտնի էին պահել իրենց թանգարան առաջին այցի նպատակը։
Ս.թ. մարտի 25-ին Գրականության և արվեստի թանգարանի հատուկ հյուրերն էին մայրիկները։ Նախ մեր հյուրերը դիտեցին փոքրիկ երաժշտական հոլովակ՝ Անրի Վերնոյի «Մայրիկ» ֆիլմի կադրերի և Մարինա Ալեսի «Պատրանքի թևով» ստեղծագործության հնչյունների համադրմամբ, որից հետո նրանց հանձնվեցին իրենց զավակների նամակները: Հուզված և զարմացած մայրիկներից ոմանք անգամ արտասվեցին՝ նշելով, որ ավելի լավ նվեր չէր կարող լինել։ Սակայն դա դեռ ամենը չէր։ Մինչ մայրիկները մասնակցում էին թանգարանում Տիգրան Չուխաջյանի 180-ամյակին նվիրված ժամանակավոր ցուցադրության բացմանը և շրջում թանգարանի ցուցասրահներով, երեխաները Կոմիտասի անունը կրող դահլիճում պատրաստում էին վերջին նվերը։ Հատուկ միջոցառման համար գրվել էր երգ՝ «Անու՜շ–անու՜շ մայրիկ». րոպեներ անց երեխաները սովորեցին երգը և այն ներկայացրեցին գլխավոր և առաջին հանդիսատեսին՝ մայրիկներին։
Վերջում «Անու՜շ–անու՜շ մայրիկ» երգի հեղինակ, թանգարանի ավագ գիտաշխատող Հասմիկ Հախվերդյանը ստեղծագործությունը նվիրեց Զարուհի Բաբայանի երգի ստուդիայի սաներին, ովքեր ևս մասնակցում էին միջոցառմանը։