«Գրանդ Հոթել Երևան» հյուրանոցում երեկ բացված «Սարոյանը և Հայաստանը» ցուցադրությամբ մեկնարկեց Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի և «Գրանդ Հոթել Երևան» հյուրանոցի «Երևան հյուրանոցի բնակիչները» համատեղ նախագիծը:

Ե. Չարենցը, Ա. Շիրվանզադեն, Ա. Իսահակյանը, Վ. Փափազյանը,Ա. Բակունցը, Գ. Մահարին,Ե. Քոչարը, Փ. Թերլեմեզյանը, Վ. Համբարձումյանը, Ալիխանյան եղբայրները, Վիլյամ Սարոյանը, Շառլ Ազնավուրը և հայ մշակույթի ու գիտության այլ ականվոր ներկայացուցիչներ ժամանակին իջևանել են «Երևան» հյուրանոցում, ավելին. նրանցից շատերի համար հյուրանոցն եղել է մշտական բնակության վայր: Հաշվի առնելով, որ վերոնշյալ գործիչների մասին հարուստ արխիվային նյութեր կան Գրականության և արվեստի թանգարանի ֆոնդերում, թանգարանը «Գրանդ Հոթել Երևան» հյուրանոցում կներկայացնի ցուցահանդեսների շարք` նվիրված հյուրանոցի մշտական բնակիչներին և նշանավոր հյուրերին, որոնք կուղեկցվեն նաև համերգներով, ֆիլմերի ցուցադրություններով, մշակութային այլևայլ անդրադարձերով:

Նախագծի առաջին ցուցադրությունը նվիրված է Վիլյամ Սարոյանին, որի 110-ամյա հոբելյանն ենք նշում այս տարի: Սարոյանը Հայաստան կատարած իր առաջին այցի ժամանակ իջևանել է «Երևան» հյուրանոցում. պահպանվել է 1935 թվականի հյուրանոցի այցելուների գիրքը, որտեղ 52-րդ համարը ամրագրված է գրող Վ. Սարոյանի անունով: Ներկայացված են Գրականության և արվեստի թանգարանում պահվող գրողի հեծանիվը, որն ի դեպ առաջին անգամ է ցուցադրվում, Սարոյանի ինքնադիմանկարը, էսքիզներ և լուսանկարներ «Իմ սիրտը լեռներում է» պիեսի բեմադրությունից և համանուն ֆիլմից, Հրանտ Մաթևոսյանին ընծայագրված գիրքը, նամակներ և արխիվային այլ նյութեր: Ցուցադրվում են նաև լուսանկարիչ Պողոս Պողոսյանի հեղինակային լուսանկարներից:

«Երևան հյուրանոցի բնակիչները» նախագիծի շրջանակներում սպասվում են նաև «Կինոն հյուրանոցում» (Համո Բեկնազարյան, Ա. Խաչատրյան և ուրիշներ) , «Վահրամ Փափազյանը և արտիստական բոհեմը», «Երվանդ Քոչար», «Գրական բոհեմը հյուրանոցում» (Ե. Չարենց, Ա. Շիրվանզադե, Ա. Իսահակյան, Գ.Մահարի, Ա. Բակունց, Վ.Ալազան և այլք) և «Շարլ Ազնավուր» խորագրերով ցուցադրություններ:

Ցուցահանդեսների համադրող` Գրականության և արվեստի թանգարանի գիտքարտուղար Մարինե Հարոյան

 

 

 

 

 

«Արմենիա» հեռուստաընկերության «Ժամը» լրավտականի անդրադարձը

 

 

 

 

«Հանրային հեռուստաընկերության» «Ժամը» լրավտականի անդրադարձը

 

 

 

 

«Շողակաթ» հեռուստաընկերության «Մշակութային ազդագիր» հաղորդաշարի անդրադարձը