Սեպտեմբերի 28-ին Գրականության և արվեստի թանգարանում տեղի ունեցավ գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վանո Եղիազարյանի «Գրիգոր Նարեկացին և 10-րդ դարի հայ գրականությունը» աշխատության շնորհանդեսը:
Գիրքը 10-րդ դարի հայ մատենագիտության համապարփակ պատմությունն է՝ նվիրված Գրիգոր Նարեկացուն: Հրատարակվել է «Արմավ» հրատարակչության կողմից՝ Հովսեփ և Կարոլին Նալբանդյանների հովանավորությամբ:
Հեղինակի գրական գործունեության և գրքի վերաբերյալ իրենց խոսքն ասացին գրականագետ, Գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը, Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, գրականգետ, բ.գ.դ Դավիթ Գասպարյանը, բանասեր, կինոգետ, բ.գ.թ Արծվի Բախչինյանը, բանաստեղծ Գագիկ Դավթյանը, գրականագետ, բ.գ.թ Արմեն Ավանեսյանը, գրքի տպագրության հովանավոր Հովսեփ Նալբանդյանը և այլք: