«Եվրոպական ժառանգության օրեր» համաեվրոպական ակցիայի շրջանակում Գրականության և արվեստի թանգարանը Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի հետ համատեղ և ՀՀ կրթության, գիտության, սպորտի ու մշակույթի նախարարության աջակցությամբ սեպտեմբերի 26-ին Մայր թատրոնում ներկայացրեց «Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն - 100» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը՝ նվիրված հայ Առաջին պետական թատրոնի հիմնադրման 100-ամյակին։
Ցուցադրության մեջ տեղ են գտել թատրոնի անվանի դերասանների՝ Վահրամ Փափազյանի, Արուս Ոսկանյանի, Մետաքսյա Սիմոնյանի, Հովհաննես Աբելյանի և այլոց անձնական իրերը, բեմական զարդերը և զենքերը, արխիվային լուսանկարները և այլ նմուշներ, որոնք պահվում են Գրականության և արվեստի թանգարանում։
Բացման խոսքով հանդես եկան ցուցադրության համակարգող, Գրականության և արվեստի թանգարանի թատերական բաժնի վարիչ Նաիրա Շահվալադյանը, Գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Վահագն Սարգսյանը, Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը, դերասան, ռեժիսոր, ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Էլբակյանը։