Այս տարի լրանում է ականավոր լեզվաբան և բառարանագիր, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս Հրաչյա Աճառյանի 145-ամյա հոբելյանը։ Աճառյանը հեղինակ է 200-ից ավելի աշխատությունների, որոնք ընդգրկում են հայերենագիտության գրեթե բոլոր բնագավառները, այդ թվում՝ «Լիակատար քերականություն հայոց լեզվի․ համեմատությամբ 562 լեզուների», «Հայերեն արմատական բառարան», «Հայոց անձնանունների բառարան», «Հայ բառագիտություն» և այլն։

Գրականության և արվեստի թանգարանում ս․թ․ դեկտեմբերի 21-ին բացվեց ժամանակավոր ցուցադրություն՝ նվիրված մեծանուն լեզվաբանին։ Ներկայացված էին նամակներ, աշխատությունների ինքնագրեր, լուսանկարներ և անձնական իրեր Աճառյանի արխիվից։ Բացման խոսքով հանդես եկավ Գրականության և արվեստի թանգարանի տնօրեն, բ.գ.թ. Վահագն Սարգսյանը, ապա ցուցադրության համադրող Մարինե Հարոյանը ներկայցրեց հայեցակարգը: Ելույթ ունեցավ նաև Աճառյանի թոռը՝ Հր. Աճառյանը կրտսերը:

Ցուցադրության բացմանը հաջորդեց Հր. Աճառյանի կյանքին եւ գործունեությանը նվիրված տեսանյութի դիտումը, որտեղ տեղ են գտել բացառիկ կադրեր մեծանուն լեզվաբանի մասնակցությամբ։