Վերջին տարիներին թանգարանում գործում է այս նոր ֆոնդային բաժինը, որտեղ կենտրոնացված են ֆոնդերում առկա բոլոր ձայնային ու տեսային նյութերը: Ֆոնդային այս բաժնում պահպանվում են 1000-ից ավելի նյութեր` ձայներիզներ, ձայնասկավառակներ, կինոժապավեններ, տեսաժապավեններ, CD-ներ, DVD-ներ: Արդի տեխնիկայի ընձեռնած միջոցներով, պահպանվող բնօրինակները հնարավորինս վերամշակվում, վերաձայնագրվում ու թվայնացվում են, վերածվում նոր ֆորմատների:
Արժեքավոր են հատկապես Կոմիտասի և Ա. Շահմուրադյանի կատարումներով ձայնասկավառակները, նշանավոր դերասաններ Վ. Փափազյանի, Ի. Ալիխանյանի, Հ. Ներսիսյանի, Օ. Գուլազյանի, Գ. Գաբրիելյանի, Հասմիկի, Ա. Արմենյանի, Ա. Ոսկանյանի, Ս. Քոչարյանի և շատ ուրիշների դերակատարումների և ասմունքային համարների ձայնագրությունները: Ժապավենների վրա ամրագրված են նաև մեր որոշ խորհրդահայ ու սփուռքահայ գրողների (Ա. Իսահակյան, Դ. Դեմիրճյան, Զ. Եսայան, Ա. Չոպանյան, Պ. Սևակ, Հ. Շիրազ, Հ. Մնձուրի և այլոց) տարբեր առիթներով ունեցած ելույթներն ու հարցազրույցները, մի շարք հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները: Բոլոր այդ նյութերը առանձնակի շուք են տալիս թանգարանի տարաբնույթ միջոցառումներին ու լավագույնս նպաստում նոր սերնդի գիտելիքների հարստացմանն ու ճաշակի ձևավորմանը: