Ընդգրկում է 182 անհատական եւ երաժշտական տարբեր կազմակերպությունների եւ խմբերի ֆոնդեր, ինչպես նաեւ մի շարք հավաքածուներ՝ 155 992 նյութերի քանակով: Մեծագույն մասը կազմում են հայ կոմպոզիտորների, խմբավարների, երաժշտագետների, երգիչների, երաժիշտ-կատարողների անհատական ֆոնդերը: Ամենատարեցը հայկական օպերային արվեստի հիմնադիր Տիգրան Չուխաճյանի ֆոնդն է, ուր առկա են կոմպոզիտորի հիմնական գործերի ձեռագիր նոտաները (պարտիտուրներ, կլավիրներ):

Մեծ արժեք են ներկայացնում նաեւ 19-20-րդ դարերի խոշորագույն կոմպոզիտորներ Ք. Կարա-Մուրզայի, Մ. Եկմալյանի, Կոմիտասի, Ն. Գալանդերյանի, Ա. Տիգրանյանի, Ա. Սպենդիարյանի, Ռ. Մելիքյանի եւ այլոց ֆոնդերը: Դրանց մեջ թե՛ ծավալով թե՛ արժեքով առանձնանում է հայ երաժշտարվեստի հանճարի՝ Կոմիտասի ժառանգությունը, որ ընդգրկում է հայկական եւ եվրոպական նոտագրությամբ ինքնագրեր, հայկական ժողովրդական եւ հոգեւոր երգերի գրառումներ, ամենատարբեր ժանրերի ստեղծագործություններ, ուսումնասիրություններ, ձեռնարկներ, բանաստեղծություններ, գրած եւ ստացած նամակներ, փաստաթղթեր, վկայականներ, լուսանկարներ, երաժշտական գործիքներԴրանց մի մասը ներկայացված է թանգարանի մշտական ցուցադրության մեջ եւ Կոմիտասի անվան սրահում: Կոմիտասին վերաբերող բազմաթիվ նյութեր կան նաեւ այլ ֆոնդերում, հատկապես նրա մտերիմ բարեկամուհի, երգչուհի, երաժշտական գործիչ Մարգարիտ Բաբայանի ֆոնդում: Ինչպես Կոմիտասը, Մ. Բաբայանը եւս լայն ստեղծագործական կապերի մեջ է եղել ժամանակի մի շարք նշանավոր երաժիշտների հետ. նրան գրված նամակների հեղինակներից են Մ. Ռավելը, Կ. Դեբյուսին, Պ. Վիարդոն, Լ. Լալուան, Ռ. Դյուկասը եւ համաշխարհային հռչակ ունեցող այլ դեմքեր:

Օտարազգի երաժշտական գործիչներին վերաբերող նյութերով շատ ավելի հարուստ է երաժշտագետ Բարսեղ Կորգանովի (Ղորղանյան) մեծածավալ ֆոնդը եւ հատկապես՝ հավաքածուն: Այստեղ կան 18-20-րդ դարերում գրված գերմաներեն, անգլերեն, իտալերեն եւ ֆրանսերեն բազմաթիվ նամակներ (հիմնականում՝ բնագիր), որոնց հեղինակներից են համբավավոր արվեստագետներ ու արվեստաբաններ Ֆորկելը, Ֆետիսը, Հանսլիկը, Մասնեն, Շինդլերը եւ ուրիշներ: Այստեղ է նաեւ մեծն Մոցարտի նամակը՝ գրված 1778 թվականին Փարիզում, իր մոր մահվան օրը

Երաժշտական գործիչներից զատ Կորգանովի հավաքածուում առկա են նաեւ այլ բացառիկ նյութեր, ինչպես՝ Լյուդովիկոս 14-րդի, Նապոլեոն Բոնապարտի, պարսից Ֆաթալի շահի, մի շարք ռուս գահակալների, կոմսերի, իշխանների ու զորավարների ինքնագիր նամակներն ու գրությունները:

Ինչպես Կոմիտասի, այնպես էլ բազում այլ գործիչների անհատական ֆոնդերում ինքնագրերից զատ առկա են նաեւ լուսանկարներ, նվագարաններ ու կերպարվեստի գործեր, որոնք համալրվում են համապատասխան հավաքածուներում առկա նյութերով: Հավաքածուներում առանձնակի դասակարգված են նաեւ հայ գուսանների ստեղծագործություններ, հայ երաժշտության պատմությանը վերաբերող այլազան նյութեր եւ ձեռագիր երգարաններ: Ֆոնդային այս բաժնում պահպանվող նվագարաններից արժանահիշատակ են հատկապես Սայաթ-Նովային վերագրվող քամանչան, Ջիվանու ջութակը, Շերամի թառը, Կոմիտասի դաշնամուրը, ֆիսհարմոնն ու տարբեր բնույթի սրինգները, Ս. Էլմասի՝ Շվեյցարիայից ստացված դաշնամուրը

 

Երաժշտական ֆոնդերի եւ հավաքածուների հարուստ նյութերը հնարավորություն են տալիս հիմնավորապես ուսումնասիրել թե՛ առանձին խոշոր ստեղծագործողների ժառանգությունը եւ թե՛ 18-րդ դարի երկրորդ կեսից մինչեւ 20-րդ դարի հայ երաժշտության պատմությունն ու նրա առնչություններըարեւելյան եւ արեւմտյան երաժշտարվեստի հետ: