Այստեղ պահվում են տարբեր ֆոնդերի կազմում թանգարան մուտք գործած գրքերն ու պարբերական մամուլը: Կան նաև անհատական ֆոնդեր, որոնք ընդգրկում են միմիայն տպագիր գրականություն (ինչպես` Վ. Հապեշյանի, Գ. Արսլանյանի և այլ գրքային ֆոնդեր): Գրադարանում այժմ պահպանվում են մոտ 20.000 ֆոնդային գրքեր, հին ու նոր պարբերական մամուլի հազարավոր նմուշներ: Ընդսմին, չափազանց մեծ թիվ են կազմում մամուլի էջերից հանված բազմաբնույթ բովանդակությամբ կտրոնները:
Մեծ արժեք են ներկայացնում դասական գրողներ Մ. Նալբանդյանի, Ռ. Պատկանյանի, Գ. Սունդուկյանի, Հ. Թումանյանի, Գ. Զոհրապի, Դ. Վարուժանի, Սիամանթոյի, Դ. Դեմիրճյանի, հայագետներ` Մ. Աբեղյանի, Հ. Աճառյանի և այլոց գրքային ֆոնդերը: Դրանց մեջ կան մակագրություններ, որոնք հաճախ լույս են սփռում տվյալ գործիչների կենսագրության ու նրանց ստեղծագործական առնչությունների վրա:
Չափազանց հարուստ են հատկապես Թ. Ազատյանի և Ա. Չոպանյանի գրքային ֆոնդերը, որոնք ընդգրկում են թե՛ հայերեն և թե՛ օտար լեզուներով հազարավոր գրքեր ու մամուլ, որոնց մեջ կան նաև մի շարք եզակի նմուշներ: Այսպես, Թ. Ազատյանի ֆոնդի միջոցով է մեզ հասել Կ. Պոլսում լուս տեսած նշանավոր «Բյուզանդիոն» թերթի ամբողջական հավաքածուն: Թ. Ազատյանի, ինչպես նաև մի քանի այլ ֆոնդերում պահպանվում են նաև 367 հնատիպ գրքեր, որոնց մեջ նույնպես կան եզակի օրինակներ: Ֆոնդային գրականույթունից զատ, գրադարանում պահպանվում են նաև շուրջ 42.000, հիմնականում հայագիտական բնույթի գրքեր և պարբերական մամուլի հազարավոր օրինակներ: Այստեղ ևս առկա են հնատիպ գրքեր` թվով 136 (մի քանիսը` օտար լեզվով):