1

Տասներորդ մուսային վերաբերող այս բաժինը, բնականաբար, առավել փոքր է ծավալով` 80 ֆոնդ և հավաքածու` 66.000  նյութերի ընդգրկմամբ: Այստեղ են անվանի կինոբեմադրիչներ Է. Մելիք-Քարամյանի, Ս Կևորկովի, Գ. Մելիք-Ավագյանի, Հ. Հովհաննիսյանի, Ա. Հայ-Արտյանի, Լ. Իսահակյանի, Ֆ. Դովլաթյանի, Լ. Վաղարշյանի, Ա. Մանարյանի, օպերատորներ Ս. Իսրայելյանի, Ժ. Վարդանյանի, կինոնկարիչներ Մ. Արուտչյանի, Ս. Անդրանիկյանի, կինոգետներ Դ. Դզնունու, Գ. Չախիրյանի, մի շարք կինոդերասանների և այլոց անհատական ֆոնդեր:

2Առանձնակի մեծ արժեք են ներկայացնում հայ կինեմատոգրաֆիայի հիմնադիր, համաշխարհային համբավ ունեցող բեմադրիչ, դերասան Համո Բեկնազարյանի, նրա հետ համագործակցած անվանի օպերատոր Դմիտրի Ֆելդմանի, խորհրդային և հայկական մուլտիպլիկացիայի հիմնադիր Լև Ատամանովի (Լեւոն Ատամանյան) ֆոնդերը:

3Անհատական ֆոնդերը համալրում են կինոսցենարների, լուսանկարների, էսքիզների, ազդագրերի և մյուս ֆոնդերն ու հավաքածուները: Այստեղ պահվում են նաև եզակի կինոսարքավորումներ, որոնցով նկարահանվել են առաջին հայկական ֆիլմերը: